201708.28
0

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՊԱՏՎԻՐԵԼ ԱՐՏԱԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ

25.02.2015

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատում այսօր փետրվարի 25-ին Փաստաբանների պալատի և ՙՓորձաքննությունների ազգային բյուրո՚-ի միջև կնքվել է համագործակցության հուշագիր, որը ստորագրել են ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը և ՙՓորձաքննությունների ազգային բյուրո՚-ի տնօրեն Արտաշես Ջավադյանը:


Ստորագրման պաշտոնական արարողությունից հետո Փաստաբանների պալատի նախագահը ողջունել է համագործակցության նման ձևաչափը և նշել, որ այս համագործակցության շահառուն լինելու է հասարակությունը: ՙՎերջին շրջանում արդիական է դարձել հատուկ մասնագետների միջոցով ճշմարտությունը վեր հանելը և փաստաբաններիս համար դա շատ կարևոր գործիք է՚,-նշել է Արա Զոհրաբյանը:
Նրա խոսքով Փորձաքննությունների ազգային բյուրոն տրամադրված է իրենց հնարավորությունները ի նպաստ դնել փաստաբաններին: Այսինքն փաստաբաններն էլ կկարողանան արտադատական կարգով փորձաքննությունների համար դիմել և ստանալ հետազոտությունների արդյունքներ, որը կհեշտացնի փաստաբանների աշխատանքը:
Արտաշես Ջավադյանը կարևորելով Փաստաբանների պալատի հետ համագործակցությունը նշել է,-ՙմենք նույն խստությամբ, նույն գիտական հիմնավորվածությամբ ու նույն ռեժիմով կփորձենք աշխատել փաստաբանների հետ՚:
Կողմերը պայմանավորվել են համագործակցել նաև փաստաբանական դպրոցի հետ՝ ունկնդիրներին փորձաքննություններին առնչվող թեմաներով դասախոսություններ ներկայացնելու միջոցով։