201709.07
0

Լոռու մարզի փաստաբանները միասնական են, քանի որ գիտակցում են հանրային շահը. ՀՀ ՓՊ նախագահի թեկնածու

ՀՀ փաստաբանների պալատի նախագահի թեկնածու  Արա Զոհրաբյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում այցելել է Վանաձոր՝ հանդիպելու Լոռու մարզի փաստաբաններին և միասին քննարկելու փաստաբանության առջև ծառացած խնդիրները ու դրանց լուծման հնարավոր ուղիները:

Հանդիպման սկզբում Արա Զոհրաբյանն արձանագրել է այն փաստը, որ անգամ նախորդ քարոզարշավին էր նկատել՝ Լոռու փաստաբանական համայնքը միասնական է և միավորված. «Դա պայմանավորված է նրանով, որ դուք գիտակցում եք հանրային շահը»,-փաստել է բանախոսը:

Անցած 4 տարիներին իրականացված աշխատանքներն ու փաստաբանների պալատի ձեռքբերումները ներկայացնելիս Արա Զոհրաբյանն ասել է.

Մեր դաստիարակությունն այնպիսին է, որ մենք չպետք է «գլուխ գովենք» արածի համար: Բայց հանրային պատասխանատու աշխատանքի պարագայում նաև հասկանում ես, որ օգտագործում ես հանրային ռեսուրս և հետևաբար դրա մասին տեղեկատվություն պետք է ներկայացնես քո գործընկերներին: Այն, ինչ կներկայացվի,  խնդրում եմ չդիտարկել որպես ինքնագովեստ, հակառակը, այն, ինչ արված է՝ վստահ ասում եմ, որ արված է Փաստաբանների պալատի աշխատակազմի, փաստաբանների մեծամասնության ջանքերի շնորհիվ: Միայնակ ոչինչ անել չէի կարող:

Անդրադառնալով անցած տարիների ընթացքում արձանագրված խնդիրներին՝ Արա Զոհրաբյանը մասնավորեցրել է արտաքին և ներքին խնդիրները՝ հավելելով, որ առաջիկա 4 տարիների ծրագիրը կազմված է նաև այդ խնդիրների լուծման նպատակով:

Նշված խնդիրների թվում է Հանրային պաշտպանի գրասենյակի ծանրաբեռնվածությունը, ինչը պայմանավորված է մի կողմից հանցավորության աճով, մյուս կողմից՝ Հանրային պաշտպանի գրասենյակի որակով պայմանավորված պահանջարկով և վստահությամբ: Կա նաև օրենսդրական խնդիր, ըստ որի հանրային պաշտպանի օժանդակությունից օգտվում են ոչ միայն անվճարունակները, այլև՝ արդարադատության շահից ելնելով:

Արա Զոհրաբյանը նշել է նաև փաստաբանական գրասենյակների դանդաղ զարգացման մասին: Առանձնացվեց որոշ դեպքերում գրասենյակային մշակույթի բացակայության փաստը՝ մեծամասամբ փաստաբանները գերադասում են ինքնուրույն և միայնակ գործել: Մինչդեռ այս պարագայում նվազում է վերջիններիս աշխատանքի արդյունավետությունը: Կարևորվել է նաև ժամանակակից տեխնոլոգիաների հնարավորություններով աշխատանքային գործառույթները առավել հեշտ դարձնելու փաստը:

Փաստաբանների պալատի զարգացմանը խոչընդոտող հանգամանքներից է նաև փոքրաթիվ փաստաբանների կողմից փաստաբանների պալատը պառակտելու միտումները:

Ցավոք, մեր գործընկերները, թիրախավորելով Պալատը, հանրային շահի գիտակցություն չեն ցուցաբերում: Երբ իրենք ասում են՝ Պալատը «վատն» է, թվում է՝ իրենք դրա մեջ չեն և իրենց չեն վնասում: Մինչդեռ ես այդպես չեմ կարծում՝ դրանից տուժում ենք բոլորս,- նկատել է Արա Զոհրաբյանը:


ՀՀ փաստաբանների պալատի նախագահի
թեկնածու Արա Զոհրաբյանի
մամուլի պատասխանատու՝ Սաթենիկ Մկրտչյան