201708.28
0

ԼԵՀԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՉԵԽԻԱՅԻ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

Այսօր՝ մայիսի 29-ին, Եվրոպայի փաստաբանների միությունների և իրավական համայնքների խորհրդի (CCBE) 123-րդ հերթական պլենար նիստին մասնակցելու համար CCBE նախագահ Մարիա Սլազակի հրավերով Գդանսկում (Լեհաստան) է գտնվում Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի պատվիրակությունը: Պատվիրակության կազմում են Պալատի նախագահ Արա Զոհրաբյանը և առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը:

Պլենար նիստի բացմանն իրենց ելույթներով հանդես են եկել Լեհաստանի երկրորդ նախագահ՝ Լեհաստանում մարդու իրավունքների պաշտպանության գործում նշանակալի ներդրում ունեցած քաղաքական գործիչ, Լեչ Վալեսան և CCBE նախագահ Մարիա Սլազակը:

Պլենար նիստի 1-ին օրվա ընթացքում հանդիսավոր պայմաններում տեղի ունեցավ Հայաստանի փաստաբանների պալատի, CCBE և Չեխիայի Հանրապետության փաստաբանների պալատի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրումը, որով կողմերը պատրաստակամություն են հայտնել համագործակցել միմյանց հետ փաստաբանության ոլորտում: Հուշագրով չեխ գործընկերներն իրենց աջակցությունն են ցուցաբերելու CCBE հետագա աշխատանքներին Հայաստանի փաստաբանների պալատի արդյունավետ մասնակցությունն ապահովելու համար:

Հուշագրի վրա իր խորհրդանշական ստորագրություն է թողել նաև Լեհաստանի նախկին նախագահ պարոն Լեչ Վալեսան: