201709.01
0

Անվճար իրավաբանական խորհրդատվությունը աստիճանաբար հասանելի կլինի նաև մարզերում

Օգոստոսի 31-ին ՀՀ փաստաբանների պալատի նախագահի թեկնածու Արա Զոհրաբյանը Գյումրի քաղաքում հանդիպեց Շիրակի մարզի փաստաբանների հետ՝ ներկայացնելով նախընտրական ծրագրի դրույթները:

Հանդիպման ընթացքում Արա Զոհրաբյանն անդրադարձավ իր պաշտոնավարման տարիներին Փաստաբանների պալատի, ինչպես նաև փաստաբանության առջև ծառացած խնդիրներին, ներկայացրեց ձեռքբերումները:

Արա Զոհրաբյանը մատնանշեց իրավաբանական անվճար օգնության  Pro bono համակարգի արդյունավետութունը՝ կարևորելով աստիճանաբար համակարգի կիրառությունը մարզերում:

«Մի ծրագրի շրջանակում, որը միջազգային կազմակերպության համագործակցությամբ արեցինք, մոտ 82 փաստաբան ներգրավեցինք 6 ամսվա ընթացքում: Իրենք գնացին քրեակատարողական հիմնարկներ, մարզեր և իրավաբանական օգնություն տրամադրեցին դրա կարիքն ունեցողներին»,- ասաց Փաստաբանների պալատի նախագահի թեկնածուն:

Հանրային պաշտպանի գրասենյակի արդյունավետության մասին խոսելիս Ա. Զոհրաբյանը փաստեց  վերջինիս ծանրաբեռնվածությունը, ինչպես նաև ուղիները՝ այն առավել նպատակային դարձնելու:

«Օրինակ, եթե վճարունակ անձը դիմել է Հանրային պաշտպանի գրասենյակին, հետո պարզվել է, որ նա վճարունակ է, ապա փաստաբանների պալատն իրավունք ունի այդ անձից այդ գումարը գանձելու: Որոշակի գումար, որ խորհուրդը կորոշի, կգանձվի հոգուտ բյուջեի:»,-ներկայացրեց Արա Զոհրաբյանը՝ մատնանշելով, որ այդպիսով կթոթափվի Հանրային պաշտպանի գրասենյակի ծանրաբեռնվածությունը, ինչպես նաև փաստաբանների համար լրացուցիչ աշխատատեղեր կստեղծվեն:

ՀՀ փաստաբանների պալատի
նախագահի թեկնածու Արա Զոհրաբյանի
մամուլի պատասխանատու՝ Սաթենիկ Մկրտչյան