Հարգելի՛ փաստաբան,

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահի ընտրություններին կրկին առաջադրվելու որոշումը կայացրել եմ նախորդ 4 տարվա անցած ուղին, ձեռքբերումներն ու բացթողումները  վերլուծելուց և փաստաբան գործընկերներիս հետ խորհրդակցելուց հետո:

2013-2017թթ. իմ նախընտրական ծրագիրը, որը ժամանակին խոստումների գրքույկ էր թվում, հնարավորություն եմ ունեցել բարի ցանկություններից վերածել գործնական իրականության միայն փաստաբանների պալատի աշխատակազմի, փաստաբանական համայնքի մեծամասնության աջակցության և մեր բոլորի համառ աշխատանքի ու ջանքերի շնորհիվ: Շնորհակալություն եմ հայտնում յուրաքանչյուրիդ` այս ճանապարհը միասին անցնելու, արտաքին ճնշումներին համարժեք պատասխանելու և ՀՀ փաստաբանների պալատը փաստաբաններին հարազատ ու մասնագիտական վայր դարձնելու համար: Գնահատել և ընդունել եմ մեր մասնագիտական համայնքն ավելի լավը դարձնելու խորհուրդները, առողջ քննադատությունները և առաջարկությունները: Որպես կենդանի և զարգացող օրգանիզմ՝ ՀՀ փաստաբանների պալատը ուշադրության կենտրոնում էր, և հաճախ այդ ուշադրության հիմքում կառույցը ցնցումների ենթարկելու,  դրականը մերժելու, մեզ պառակտելու ներքին և արտաքին դրսևորումներն էին, որոնք այդպես էլ չեն հաջողվել՝ կոփելով մեր կամքը և ավելացնելով մեր կուտակած փորձը: Ձեր ընտրությունը կարևոր է ՀՀ փաստաբանների պալատի հետագա զարգացման, առկա  ավանդույթների պահպանման, փաստաբանների շահերի պաշտպանության և մեր պետության մեջ փաստաբանի դերն  արժևորելու  համար:


փաստաբան  Արա Զոհրաբյան

press@lawgroup.am 


Ներբեռնել Նախընտրական ծրագիրը