Մեծացել է Փաստաբանների պալատի հանրային կշիռը
ՀՀ փաստաբանների պալատի նախագահի թեկնածու Արա Զոհրաբյանը Արմավիրի մարզի փաստաբանների հետ հանդիպման ընթացքում ևս խոսեց փաստաբանության և Փաստաբանների պալատի առջև ծառացած խնդիրներից: Դրանք արտացոլված են նաև նախընտրական ծրագրում, ունեն իրենց հստակ լուծումները:
Փաստաբանների պալատի ներդաշնակ զարգացմանը խոչընդոտող հիմնական խնդիրներ մի քանիսն են՝ պայմանավորված արտաքին ու ներքին գործոններով: Դրանք պայմանավորված են ինչպես սուբյեկտիվ, այնպես էլ օբյեկտիվ պատճառներով:
Փոքրաթիվ փաստաբանների ցանկությունը՝ պառակտել Պալատի միասնականությունը երբեմն նկատելի է, սակայն հանգամանքը, որ ընդդիմախոսները չունեն միասնական կամ այլընտրանքային թեկնածու, խոսում է նրանց կեղծ օրակարգային միտումների մասին:
Օբյեկտիվ գործոնների շարքում է Հանրային պաշտպանի գրասենյակի ծանրաբեռնվածությունը: Սա պայմանավորված է հանրային պաշտպանի ինստիտուտի նկատմամբ օրեցօր աճող վստահությամբ: Ծրագրվում է հանրային պաշտպանի գրասենյակի բեռը թեթևացնել՝ նոր գործիքներ ու մոտեցումներ ներդնել, սահմանել նոր հարթակ, որի միջոցով որոշ գործեր վճարունակ քաղաքացիների համար կիրականացվեն միջինացված արժեքով: Այսպիսով անհիմն չի վատնվի հանրային պաշտպանի ռեսուրսները:
Խնդիրների մասին խոսելիս Արա Զոհրաբյանը նախանշեց նաև փաստաբանական գրասենյակների դանդաղ զարգացումը.
—Ես ինքս վերլուծել եմ գրասենյակների գործունեությունը: Պետք է նկատել, որ փաստաբանների մի մասը «միայնակ որսորդներ» են: Սա պրոբլեմ է, քանի որ ոչ գրասենյակային համակարգված գործունեությունը նվազեցնում է արդյունավետությունը,-նշեց Արա Զոհրաբյանը՝ մասնավորեցնելով, որ այսպիսով փաստաբանն ավելի շատ տեխնիկական աշխատանք է իրականացնում, ինչը ժամանակի նկատելի կորուստ է:
Կարևորվեց նաև փաստաբանական գործունեության մեջ ժամանակակից տեխնոլոգիաների ու հավելվածների կիրառությունը: Սա հնարավորություն կտա անգամ հեռավորության վրա կառավարել գրասենյակների աշխատանքը, ապահովել հաշվետվողականությունը:
Արա Զոհրաբյանը նշեց նաև, որ անցնող տարիներին մեծացել է Փաստաբանների պալատի ընդհանուր ծանրաբեռնվածությունը: Այն, որ ՀՀ փաստաբանների կշիռը հանրության մեջ մեծացել է, փաստում է վիճակագրությունը. Եթե 2015-ին 700 դիմում էր ստացվել, ապա 2016-ին 3000: Սրան մեծապես նպաստել են հանրային իրազեկման քաղաքականությունը՝ «իրազեկ դպրոց», «իրազեկ բանակ» նախաձեռնությունները:
ՀՀ Փաստաբանների պալատի
նախագահի թեկնածու Արա Զոհրաբյանի
մամուլի պատասխանատու՝ Սաթենիկ Մկրտչյան