201708.29
1

ՀՀ ՓՊ նախագահի թեկնածուն սկսել է քարոզարշավը. նա անդրադարձել է հանրային պաշտպանի գրասենյակի հիմնահարցերին

ՀՀ փաստաբանների պալատի նախագահի թեկնածու Արա Զոհրաբյանը նախընտրական քարոզարշավը սկսել է մարզերից: Օգոստոսի 26-ին այցելել է Արարատի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզեր՝ հանդիպելով տեղի փաստաբանների հետ:

Արարատի մարզի փաստաբանների հետ հանդիպման ընթացքում թեկնածուն անդրադարձել է փաստաբաններին հետաքրքրող մի շարք թեմաների։  Քննարկվել են հանրային պաշտպանի գրասենյակի զարգացման,  նորագույն տեխնոլոգիաների կիրառման մշակույթի բացակայության, Փաստաբանների պալատի և Հանրային պաշտպանի գրասենյակի աշխատակիցների հաստիքների հետ կապված հարցեր։

Պալատի նախագահի թեկնածուն փաստաբաններին ներկայացրել է իր պատկերացումները նախորդ 4 տարիներին կատարված ներքին և արտաքին քաղաքականության ոլորտում՝ խոսել է ծրագրային դրույթների մասին, ինչպես նաև այն քայլերի մասին, որոնք դեռ պետք է իրականացվեն:

«Որպես ներքին խնդիր նշել եմ հանրային պաշտպանի գրասենյակի ծանրաբեռնվածությունը։ Նշեմ, որ այս խնդիրը եղել է նաև նախկինում։ Կարծում եմ՝ սա մշտական խնդիր է լինելու։ Երբեմն ընդդիմախոսներն էլ ասում են նախընտրական նախորդ ծրագրի ժամանակ ես ասել եմ կա ծանրաբեռնվածություն, ինչպես հիմա եմ ասում, և որոշակի միջոցառումներ ենք իրականացրել այդ ծանրաբեռնվածությունը թեթևացնելու ուղղությամբ։ 4 տարիների ընթացքում մենք փորձել ենք դա իրականացնել. մասնավորապես 5 հաստիք ենք ավելացրել, և այդ հինգ հաստիքը բաշխել ենք ոչ թե անձով, այլ բաժանել ենք 0.25 դրույքաչափերի ու ռացիոնալ բաշխել մարզերում։»-նշել է Արա Զոհրաբյանը:

Հանրային պաշտպանի գրասենյակի արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերի շարքում թեկնածուն առանձնացրել է ՀՊԳ որակի բարձրացումը: Նա նշել է, որ հասարակության հոգեբանության մեջ կա այն մտայնությունը, որ այն ինչը պետական է, ապա անորակ է։ «Մենք խնդիր դրեցինք, որ հանրային պաշտպանությունը պետք է բերենք բարձր մակարդակի։ Այստեղ հաջորդ պրոբլեմն առաջացավ՝ որ այն ինչը լավ ես անում, ծանրաբեռնվածություն է ստեղծում: Օրինակ պատկերացրեք, բժշկական անվճար ծառայությունը բարձր որակով է, բոլորը գալիս են այդտեղ, նույնիսկ վճարունակները։ Այսինքն, որակի բարձրացումն ինքնին բերեց ծանրաբեռնվածության ավելացման։ Բայց որակի հաշվին ծանրաբեռնվածությունը թեթևացնելուն, երբեք չենք գնա։»-ընդգծել է թեկնածուն:

Նա նաև հայտնել է, որ առավել թափանցիկ է դարձել Փաստաբանների պալատի ֆինանսատնտեսական գործունեությունը, նշանակվել է ֆինանսական տնօրեն, օպտիմալացվել է գնումների գործընթացը, իսկ եռամսյակային և տարեկան կտրվածքով հաշվետվությունները տեղադրվում են պաշտոնական կայքում:

Փաստաբանների պալատում ներդրվել է փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային Mullberry համակարգը: Ուշադրություն է դարձվել հանրային կապերի զարգացմանը, ինչը Փաստաբանների պալատի գործունեության թափանցիկության գրավականն է: Նման դիտարկում է կատարել փաստաբանների պալատի նախագահի թեկնածու Արա Զոհրաբյանը:

Ամփոփելով հանդիպումը թեկնածուն նշել է, որ իր պաշտոնավարման տարիներին գնահատել և ընդունել է մասնագիտական համայնքն ավելի լավը դարձնելու խորհուրդները, առողջ քննադատությունները և առաջարկները: Փաստաբանական համայնքն առավել ուժեղ, իսկ փաստաբանի ձայնը լսելի դարձնելու ճանապարհը միասնականությունն ու համախմբվածությունն է:

ՀՀ փաստաբանների պալատի
նախագահի թեկնածու Արա Զոհրաբյանի
մամուլի պատասխանատու՝ Սաթենիկ Մկրտչյան