201708.28
0

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՀԵՏ

16.11.2016 

Նոյեմբերի 16-ին ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը և ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Սաքապետոյանը երկու կառույցների միջև փոխըմբռնման հուշագիր են ստորագրել: Հուշագրով նախատեսվում է համատեղ քննարկել հարկային և մաքսային ոլորտները կարգավորող իրավական ակտերում առկա բացթողումները, տարընթերցումները, մշակել նոր նախագծեր և լուծել մաքսային ու հարկային ոլորտներում վարչարարություն կամ դատավարական գործողություններ իրականացնելու ժամանակ ծագող խնդիրները:


Արա Զոհրաբյանը, բացման խոսքում նշել է, որ նախկինում փաստաբանները, ՊԵԿ-ի հետ առնչվելիս,ունեցել են խնդիրներ։ Մասնավորապես՝  իրենց վստահորդների իրավունքները պաշտպանելու ընթացքում երբեմն փաստաբաններն արժանացել են պաշտոնատար անձանց անբարեհաճ վերաբերմունքին: Օրինակ, եթե փաստաբանը հաջողության է հասել վարչական ակտն անվավեր ճանաչելու հարցում, հայտնվել է ուշադրության կենտրոնում և հարկային մարմինը փորձել է ստուգել փաստաբանը կամ փաստաբանական գրասենյակը հարկեր վճարում է, թե՝ ոչ։ Նա ասել է, որ մի քանի տարի առաջ փաստաբանական գրասենյակներից մեկի հետ կապված արձանագրվել է այդպիսի վերաբերմունք, երբ գրասենյակին հարկային մարմինն առաջադրել էր մեծ չափի գումարներ։ Արա Զոհրաբյանն ընդգծել է, որ այս տեսանկյունից հուշագիրը որոշակի իմաստով փորձելու է նմանատիպ իրավիճակները վերացնել՝  հաշվի առնելով նաև ՊԵԿ-ի ղեկավարության դեպի հասարակություն բաց կանգնելու դիրքորոշումը:

Պալատի նախագահը տեղեկացրել է, որ հուշագրով անհատ ձեռնարկատեր փաստաբանի կամ փաստաբանական կազմակերպության նկատմամբ հարկային ստուգում նշանակելու դեպքում կոմիտեն այդ մասին գրավոր ծանուցելու է նաև փաստաբանների պալատին: Նա կարևորել է հուշագրի հատկապես արագ արձագանքման միջոցառումների հատվածը, նշելով, որ ստեղծելու են համատեղ հանձնախումբ, որը փորձելու է արագ արձագանքել կոմիտեի աշխատակիցների կողմից խախտումներ արձանագրելու դեպքում: «Օրինակ, վարչարարության կամ նախաքննության փուլում, եթե որևէ մի պաշտոնյայի կողմից կլինի խախտում, ապա փաստաբանը հանձնախմբի միջոցով հնարավորություն կունենա հարցն արագ բարձրացնել: Օրենքի սուբյեկտիվ մեկնաբանման կամ խախտման մասին տեղեկանալուց հետո հանձնախումբը կարող է շատ արագ արձագանքել՝ ներկայացնելով խնդիրը կառույցների ղեկավարությանը և հետամուտ լինելով արագ կարգավորմանը: Իհարկե այստեղ կարող է հարց տրվել, թե ինչու պետք է հուշագիր կնքվի, երբ կա Սահմանադրություն և օրենքներ։ Այո կան վարքագծի կանոններ, բայց կիրառողը մարդն է, իր իրավագիտակցության որոշակի մակարդակով, իր սուբյեկտիվ շահերով։ Այդ պատճառով է, որ օրենքների հետ զուգահեռ ունենք դատական համակարգ, որի գոյությունը վկայում է օրենքների խախտվելու հավանականության մասին։ Հուշագիրը հնարավորություն կտա, իրավունքի խախտման դեպքն արագ վեր հանել և լուծումներ գտնել։ Այս հուշագրի շահառուն քաղաքացին է, և նրա իրավունքների պաշտպանությունն է առաջնային»,-ընդգծել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:
«ՊԵԿ-ը, առաջնորդվելով հասարակության հետ բաց գործելաոճով շփվելու մոտեցմամբ, նախաձեռնել է ՀՀ փաստաբանների պալատի հետ հուշագրի կնքումը՝ բարձրացնելու համար տնտեսվարողների պաշտպանվածության մակարդակը»,-նշել է կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Սաքապետոյանը: Հուշագրով նախատեսվում է ստեղծել հասարակական հիմունքներով գործող, 6 անդամից բաղկացած հանձնախումբ, որը կարող է դիմել ՊԵԿ և Փաստաբանների պալատ՝ համապատասխան աշխատակցի կամ փաստաբանի վարքագիծը քննելու առաջարկով: Արմեն Սաքապետոյանը վստահեցրել է, որ հուշագիրը գործնական նշանակություն է ունենալու՝ դրականորեն անդրադառնալով նաև ՊԵԿ-տնտեսվարող սուբյեկտ փոխհարաբերությունների բարելավման և պետական մարմնի գործառույթների պատշաճ իրականացման վրա. «Արդյունքում կձևավորվի պետություն-հասարակություն շփման նոր հարթակ, որը կաջակցի տնտեսվարողին՝ իր իրավունքների և շահերի պաշտպանության ուղղությամբ երաշխավորված օգնություն ստանալու հարցում»:
Համաձայն  ՊԵԿ-ի ներկայացրած տվյալների՝ վիճակագրությունը փաստում է, որ փաստաբանների համայնքի հետ կոմիտեն հաճախ է առնչվում: 2016թ. ընթացքում ՊԵԿ գանգատարկման հանձնաժողովին վարչական կարգով 326 բողոք է ներկայացվել, իսկ դատարաններում եղել է 1244 գործ: Վարչական և դատական կարգով բողոքների մոտ 90%-ը ներկայացվել է տնտեսվարողների շահերը ներկայացնող փաստաբանների կողմից: Այս տարի իրավախախտումների հայտնաբերման և վարչական վարույթների իրականացման վարչություն ստացված 1605 նյութերով և իրականացված վարչական վարույթներով մասնակցել է 32 փաստաբան: Իրավաբանական վարչության կողմից 2016թ. ընթացքում կայացվել է պարտավորությունների գանձման վերաբերյալ 8367, գույքի արգելադրման վերաբերյալ՝ 1665, իսկ վարչական տույժ նշանակելու մասին՝ 22 577 որոշում: Նշված գործողությունների արդյունքներով իրավաբանական ստորաբաժանումը 2016 թվականի ընթացքում կոմիտե ներկայացված փաստաբանական հարցումների վերաբերյալ տրամադրել է մոտ 400 պատասխան: