201708.31
0

Կռիվ եմ տալու իմ կարգախոսի համար. Արա Զոհրաբյան

Գորիսում կայացած հանդիպման ժամանակ ՀՀ փաստաբանների պալատի նախագահի թեկնածու Արա Զոհրաբյանն անդրադարձել է փաստաբաններին հուզող մի շարք հարցերի՝ մեկնաբանելով որոշ փաստաբանների կողմից շահարկվող ճնշումների վերաբերյալ պնդումները:

«Մեր գործընկերներն իրենց անհաջողությունները արդարացնելու համար ասում են, որ վարչական ռեսուրս են կիրառում, փաստաբանները գալիս են, քվեարկում են: Ու դա ասում է փաստաբանը, հետո էլ՝ թե  փաստաբաններն անկախ են ու սկզբունքային…Մեր պալատի ամենախեղճ փաստաբանին էլ չեն կարող ստիպել: Փաստաբանը, որ չուզեց ընտրի, չի ընտրելու, կարող է գլուխ չդնի, չմտնի Ֆեյսբուքյան բանավեճերի մեջ, բայց և հստակ գիտի՝ երբ կասի այո, երբ կասի՝ ոչ»,-նշել է թեկնածուն:

Արա Զոհրաբյանի խոսքով՝ Փաստաբանների պալատը որևէ շահ կամ հետաքրքրվածություն չունի փաստաբանների նկատմամբ որևէ տեսակի ճնշում կիրառելու համար: Փաստաբանների պալատը փաստաբանների վարած գործերով գերատեսչական շահ չունի: Օրինակ չի կարող հետաքրքրված լինել, որ որևէ գործով փաստաբանը հասնի հաջողությամբ, քանի որ դատավարության հակադիր կողմերում հւմնականում գտնվում են իր անդամները՝ փաստաբանները: Օրինակ հայցվորին և պատասխանողին ներկայացնում են փաստաբաններ, մեղադրյալին և տուժողին ներկայացնում են փաստաբաններ:

Նա անդրադարձել է նաև որոշ փաստաբանների կողմից հաճախ մատնանշվող կարգապահական վարույթների հարցին: Թեկնածուն վկայակոչել է վիճակագրական տվյալներ՝ 2016 թվականին 42 կարգապահական գործ է քննվել, որոնցից  23-ը՝ 55 տոկոսը կարճվել է: Նա վստահեցրեց, որ եթե իրականություն լիներ Պալատի նախագահի և Խորհրդի նույնականացման վերաբերյալ պնդումը, ապա ցուցանիշներն այլ կլինեին:

Արա Զոհրաբյանը կարևորել է փաստաբանների միասնության գաղափարը, որը ամփոփված է իր նախընտրական կարգախոսում։ «Իմ կարգախոսը նույնն է, չի փոխվել՝մեր ուժը միասնության մեջ է, ասաց ՀՀ փաստաբանների պալատի նախագահի թեկնածու Արա Զոհրաբյանը,- այդպես էլ շարունակելու եմ և այդ կարգախոսի համար կռիվ եմ տալու: Ես կարծում եմ, որ միասնությունն այն ուժն է, որը կտանի մեզ դեպի ապագա»,-ասել է նա:

 

ՀՀ փաստաբանների պալատի
նախագահի թեկնածու Արա Զոհրաբյանի
մամուլի պատասխանատու՝ Սաթենիկ Մկրտչյան