201708.31
0

Եթե փաստաբանը կարողանա ֆինանսական հաշվետվությունները կարդալ և դրանց տողատակերը հասկանալ, ապա ավելի շատ գումար վաստակելու հնարավորություն կունենա. ՀՀ ՓՊ նախագահի թեկնածու

ՀՀ փաստաբանների պալատի նախագահի թեկնածու Արա Զոհրաբյանը նախընտրական ծրագիրը ներկայացրել է Սյունիքի մարզի փաստաբաններին:

Արա Զոհրաբյանի կարծիքով փաստաբաններից քչերն են մասնագիտացված հարկային և մաքսային ոլորտներում։ Նրա խոսքով այդ ուղղությամբ տարվում են աշխատանքներ, որպեսզի վերապատրաստման դասընթացներ կազմակերպվեն այդ ոլորտում մասնագետների քանակը ավելացնելու ուղղությամբ։

Մեր փաստաբաններից քչերն են լավ պատկերացնում հարկային և մաքսային ոլորտները, իսկ դա հաճախ խնդիր է առաջացնում մաքսային կամ հարկային հարաբերությունների հետ կապված քրեական գործերով: Երբեմն այդ քրեական գործերով փաստաբանները միասին են աշխատում, այսինքն հարկային գծով մասնագիտացված փաստաբանը և քրեական գծով մասնագիտացված փաստաբանը համատեղ մեկ գործով ներկայացնում են նույն վստահորդին: Սա այդքան էլ արդյունավետ չէ: Կարծում եմ՝ եթե փաստաբանը կարողանա ֆինանսական հաշվետվությունները կարդալ և դրանց տողատակերը հասկանալ, ապա ավելի շատ գումար վաստակելու հնարավորություն կունենա: Դրա համար մտածում ենք վերապատրաստման հատուկ դասընթացներ կազմակերպել փաստաբանների համար, օրինակ հարկային գծով մասնագիտացված փաստաբանը հնարավորություն ունենա մեկ ամսվա ընթացքում ուսումնասիրել քրեական դատավարական օրենսդրության առանձնահատկությունները և հակառակը:»,- փաստաբանների նեղ մասնագիտական վերապատրաստման վերաբերյալ իր տեսլականն է կիսել թեկնածու Արա Զոհրաբյանը:

Օգոստոսի 26-ին Գորիսում կայացած  հանդիպման ժամանակ ՓՊ նախագահի թեկնածուն անդրադարձել է նաև Փաստաբանների պալատի գործունեությանը, մասնավորապես նշել է  Պալատի շենքի անհատույց ձեռքբերումը պետությունից, որոշ հատվածի սեփականության իրավունքը, տրանսպորտային միջոցների ձեռքբերումն ու ֆինանսատնտեսական գործունեության թափանցիկությանն ու արդյունավետությանն ուղղված քայլերը: Փաստաբանների պալատի կառավարման արդյունավետության բարձրացումը պարտականությունների հստակ բաշխման, կառավարման նոր տեխնոլոգիաների կիրառման միջոցով:

Արա Զոհրաբյանը խոսել է նաև Փաստաբանական դպրոցի գործունեության, քննությունների անցկացման մշակված նոր կարգի ներդրմանը, ինչը միտված է օբյեկտիվության նշաձողի բարձրացմանը:


ՀՀ փաստաբանների պալատի
նախագահի թեկնածու Արա Զոհրաբյանի
մամուլի պատասխանատու՝ Սաթենիկ Մկրտչյան